24/10/2019 09:31
«Ժողովուրդ». Փաստ է, որ հենց Գևորգ Կոստանյանի բարձրացրած աղմուկից հետո միայն Հաց բերողին ազատեցին կալանքից
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների հարցը դարձյալ լայն քննարկման թեմա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, դեռևս հոկտեմբերի 20-ին բացառիկ տեղեկություններ էր հրապարակել, որ փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն իր հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ: Մինչ Քննչական կոմիտեն շարունակում է քննել Հաց բերողի մահվան գործը, խնդրին այս օրերին անդրադարձավ նաև ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը` նշելով, որ ՄԻԵԴ-ից Արթուր Սարգսյանի հիվանդության փաստաթղթերը ստանալուն պես փաթեթն ուղարկել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, և ուսումնասիրություններից հետո, եկել են եզրահանգման, որ Հաց բերողի հիվանդությունն անհամատեղելի է ազատությունից զրկելու հետ:
«Հաջորդ օրը, վստահաբար հիշում եմ, դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Սակայն անսպասելիորեն, եթե չեմ սխալվում, նույն կամ հաջորդ օրը որոշում կայացվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր…»,- հայտարարեց Գևորգ Կոստանյանը:
Այստեղ, ի դեպ, շատ ուշագրավ մի փաստ էլ կա. Արթուր Սարգսյանի կալանավորման (օգոստոսի 3-ին) հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից: Արդյոք այս կալանավորո՞ւմն էր նրա հրաժարականի պատճառը: Փաստ է, որ հենց ՄԻԵԴ ներկայացուցիչ Կոստանյանի բարձրացրած աղմուկից հետո միայն Հաց բերողին ազատեցին կալանքից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։