04/11/2019 11:40
ԼԳԲՏ համայնքը մեծ ներդրում է ունեցել հեղափոխության մեջ, հիմա իրենց «փայն» են ուզում. Նարեկ Սարգսյան
ԼԳԲՏ համայնքը իր «փայն» է ուզում հեղափոխությունից հետո, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նոյեմբերի 2-ին Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտից բերման ենթարկված Նարեկ Սարգսյանը:
«ԼԳԲՏ համայնքը մեծ ներդրում է ունեցել հեղափոխության մեջ, հիմա իրանք իրենց «փայն» են ուզում՝ ընդլայնվելու, տարածվելու, իրանց մետազտազներն ավելացնելու: Նրանք ստանում են գերակշիռ գրանտներ դրա համար», - ասաց Սարգսյանը:
Խոսելով օրերս համացանցում հայտնված տեղեկատվության մասին, թե ինքը համասեռամոլ է և մասնակցել է գեյ-փարթիների՝ Սարգսյանը չժխտեց, որ մի անգամ մասնակցել է նման փարթիի, ինչը հնարավորութուն է տվել մի շարք ԼԳԲՏ համայնքի մարդկանց ճանաչել ու հասկանալ, թե ինչպես են նրանք ապրում: Միևնույն ժամանակ Սարգսյանը հերքեց, որ ինքը համասեռամոլ է:
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը, որ իր նախարարության օրոք մշակույթը ցենզուրայի չի ենթարկվելու, Սարգսյանն ասաց, որ մշակույթը երբեք անազատ չի եղել ու ազատականացնելու կարիք չունի:
«Մշակույթը ազատականացնելու համար չարեցինք հեղափոխությունը: Մենք ձեզ ուրիշ բանի համար բերեցինք, ստացվեց լրիվ ուրիշ բան», - ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ` «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում, քաշքշուկ է տեղի ունեցել, որի ընթացքում Նարեկ Սարգսյանը փորձել է «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ նշելով, որ նրանք սատանիստներ են: