14/11/2019 18:57
Արդյոք «թավշյա հեղափոխությունը» նպաստեց, որ կատարվեն սպասված փոփոխությունները, որքա՞ն արդյունավետ է եղել հեղափոխությունը. Քննարկում (Տեսանյութ)
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) մեկնարկեցին «Հայաստանի վերափոխումը համեմատական համատեքստում. ժողովրդավարացման վերամեկնա՞րկ» թեմայով ՀԱՀ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի առաջին գիտաժողովի առաջին օրվա քննարկումները: Գիտաժողովը կազմակերպել են ՀԱՀ-ը և Զորյան ինստիտուտը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
Երկօրյա գիտաժողովին մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող 22 գիտնականներ և մասնագետներ, ովքեր հինգ տարբեր պանելային քննարկումներում վերլուծում են 2018 թ. հայաստանյան «թավշյա հեղափոխության» տարբեր կողմերն ու դրա հետևանքները` համեմատական համատեքստում։ Ուսումնասիրելով պատմության ընթացքում խաղաղ հեղափոխությունների տարբեր օրինակներ` Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի այս վերլուծությունը կիրառում է համեմատական մոտեցում:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը, գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալինա Ղարաբէգեանը (Նյու Ջերսի Սիթի համալսարան), ինչպես նաև Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգիսեանը, «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան հայկական համայնքների տնօրեն Ռազմիկ Փանոսյանը և ՀԱՀ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Դր․ Բրայան Էլիսոնը:
«ՀԱՀ-ը մեծ նվիրումով ծառայում է համայնքի կարիքներին, նախաձեռնում հանրային քննարկումներ՝ ներգրավելով իր դասախոսական կազմին և հետազոտողներին: Մենք կառավարությանը տրամադրում ենք ակադեմիական ծրագրերի և հետազոտությունների արդյունքում մշակված տվյալներ, որոնք նպաստում են կառավարության արդյունավետ որոշումների կայացմանը: Մենք վստահ ենք՝ մեր առաքելությունն է նպաստել Հայաստանի հետագա զարգացմանը», ասաց ՀԱՀ նախագահն իր ողջույնի խոսքում:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպչական թիմին իրենց ջանքերի և ներկաներին իրենց մասնակցության համար՝ Ալինա Ղարաբէգեանը հավելեց. «Այսօրվա գիտաժողովի նպատակն է լույս սփռել ՀՀ քաղաքական ապագայի վրա 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած հեղաղափոխության համատեքստում՝ դիտարկելով երկրի քաղաքական և պատմական անցյալը և տարբեր տեսանկյուններից գնահատելով մեր ներկա իրավիճակը»։
«Մենք հույս ունենք, որ այսօր և վաղը կկարողանանք բարձրացնել կարևոր հարցեր, ինչպիսիք են. արդյոք «թավշյա հեղափոխությունը» նպաստե՞ց, որպեսզի կատարվեն սպասված փոփոխությունները, որքա՞ն արդյունավետ է եղել հեղափոխությունը, արդյոք մենք ի վիճակի՞ ենք օբյեկտիվորեն գնահատել հեղափոխության թե՛ առավելություննեը, թե՛ թերությունները», - նշեց Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգիսեանը՝ ի թիվս այլ հարցերի։
Առաջին օրը տեղի ունեցած երեք պանելային քննարկումների ընթացքում հետազոտողները ներկայացրեցին իրենց աշխատանքները հետևյալ թեմաների շուրջ՝
• Հետխորհրդային ժառանգություն, լճացած ժողովրդավարացում և աճող ձգտումներ,
• Վիճարկվող քաղաքականություն, համախմբում և լրատվամիջոցների կիրառում. թվային ներգրավվածությունից դեպի ներկայություն փողոցում,
• Հեղափոխություն, անցո՞ւմ, թե՞ խաչմերուկ. որքանո՞վ են փոփոխությունները համակարգային։
Բանախոսներից մեկը՝ Համաշխարհային համագործակցության հետազոտության կենտրոնի հետազոտող Սյուզան Բրունբաուերը, իր ելույթում նշեց. «Որպեսզի հնարավոր լինի իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, անհրաժեշտ է ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես, Հայաստանի բնակչությանը՝ մայրաքաղաքի և մյուս մարզերի միջև հաղորդակցություն ապահովելու միջոցով»:
Առաջին պանելային քննարկման վերջում՝ հարց ու պատասխանի ընթացքում, շոշափվեց թավշյա հեղափոխության՝ եզակի բնույթ ունենալու հարցը: Ջորջ Վաշինգտոն համալսարանի Քաղաքագիտության բաժնի ասպիրանտ Ստաս Գորելիքը նշեց․ «Չէի ասի, թե այս հեղափոխությունն այդքան եզակի է իր բնույթով: Այն ավելի շատ այդպես է թվում, քանի որ շատ արագ և անսպասելի կատարվեց՝ հաշվի առնելով, որ բոլոր նախադրյալները կային դրա համար»: ՀԱՀ-ի պրոֆեսոր Գրեգորի Արեշյանը հավելեց, որ հեղափոխությունից հետո իր ամենամեծ անհանգստությունն այն է, որ դեռևս չկա իշխանության երեք մարմինների (օրենսդիր, գործադիր և դատական) տարանջատում, և մենք անկախ մտածողության մեծ անհրաժեշտություն ունենք:
ՀԱՀ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի նախկին պրոֆեսոր Արփի Բալյանը, խոսելով քաղաքացիական հասարակության մասին, ասաց «Թավշյա հեղափոխության ժամանակ քաղաքացիական հասարակությունը հիմանկան դերակատարն էր ավելի լայն զանգվածներ ներգրավելու համար: Այնուամենայնիվ, երբ հերթը հասնում է դրան հաջորդող գործողություններին, մասնավորապես` քաղաքական որոշումներում ներգրավված լինելուն, հարց է առաջանում, թե ինչ լծակներով են նրանք մասնակցություն ունենում»: