14/11/2019 15:59
Պետք է մեր ջանքն ուղղված լինի Բաքվին և Անկարային հնարավորինս տարանջատելուն. պատգամավոր
Մենք պետք է կարողանանք Երևան-Անկարա հարաբերությունների համար բոլորովին այլ միջավայր փնտրել, լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամի՝ Ցեղասպանության բանաձևի նկատմամբ «վետո» է կիրառելու հանգամանքին:
«Պետք է մեր ջանքն ուղղված լինի Բաքվին և Անկարային հնարավորինս տարանջատելուն», - ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ է հնարավոր անել ամերիկացի սենատորի վետոյից հետո, Արման Բաբաջանյանը պատասխանեց.
«Ոչինչ չենք կարող անել։ Այս պահին գործընթացը սառեցված է և հիմա ընդհանրապես պետք է արժևորենք, որ ԱՄՆ-ն Կոնգրեսի մակարդակով ճանաչել էր Ցեղասպանությունը։ Արդյոք Սենատի կողմից այս գործընթացի առկայությունը նշանակում է, որ ճանաչումը կիսատ է: Օրինակ, Ռուսաստանի դեպքում մեզ բավարար էր, որ Դուման 1995-ին ճանաչեր Ցեղասպանությունը, և մենք ընդունեինք, և ռուսներն ընդունեին, որ իրենք ճանաչել են Ցեղասպանությունը: Ի՞նչն էր մեզ պակասում, որ գործընթացը տեղափոխենք Սենատ և այսպիսի իրականության առջև կանգնենք»: