17/11/2019 16:22
Կուսակցությունը ներկայացնելու է այն արցախցուն, որը զգում է արցախյան քաղաքական դաշտում թարմության անհրաժեշտություն. Գրիգորի Սահակյան
Հարգելով գործող կուսակցությունների ծրագրերն ու գաղափարները, հաշվի առնելով, ժամանակի պահանջը և հասարակությանը այլընտրանքի հնարավորություն տալու գերնպատակը՝ որոշում ենք կայացրել ստեղծել «Վստահություն» անունը կրող կուսակցություն՝ դավանելով ազգային-պահպանողական գաղափարներ, այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Գրիգորի Սահակյանը:
«Մեր նպատակը անցյալում ստեղծված, հղկված, ժամանակի փորձությունները հաղթահարած և արժեհամակարգ դարձածը սերնդեսերունդ փոխանցելն է: Մենք առաջնային ենք համարում անվտանգության ապահովմանն ուղղված գործուն քայլերը, օրենքի առջև բոլորի հավասարության, օրենքի և իրավունքի գերակայության, ժողովրդավարության սկզբունքների հիման վրա մարդու և քաղաքացու նկատմամբ հարգանքի և արժանապատվության մթնոլորտի ձևավորումը», - իր խոսքում նշեց Գ. Սահակյանը՝ հավելելով, որ կուսակցությունը հանդես է գալու կառուցողական ընդդիմության դիրքերից և պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ, միավորվելու հանուն ընդհանուր նպատակների:
Գ. Սահակյանը ընդգծեց, որ կուսակցությունը ներկայացնելու է այն արցախցուն, որը զգում է արցախյան քաղաքական դաշտում թարմության անհրաժեշտություն: Ըստ նրա՝ երկրում անհրաժեշտ են փոփոխություններ, բայց ոչ ձևական ու կոսմետիկ, անհրաժեշտ են որակական ու բովանդակային փոփոխություններ:
« «Վստահություն» կուսակցությունը ներկայացնում է այն արցախցուն, որը նպատակ ունի իր ծրագրերն ու նպատակները իրականացնել առանց ցնցումների ու հեղափոխությունների, կայունության պայմաններում, հետևողական բարեփոխումների միջոցով: Մենք հենվելու ենք ամուր և ավանդական ընտանիքի արժեքների վրա, քանի որ ընտանիքը դիտարկում ենք որպես ողջ հասարակության մանրակերտ և պետության առաջընթացի կարևոր խթան», - նշեց Գ. Սահակայնը՝ ընդգծելով, որ կուսակցության ծրագրային հիմնադրույթներից են անվտանգության և պաշտպանության ապահովումը, տնտեսության զարգացումն ու ազատականացումը, կոռուպցիայի դեմ պայքարը և ապամենաշնորհացումը, սոցիալական արդարության հաստատումը, քաղաքացիական հասարակության կայացումը:
Գ. Սահակյանը շեշտեց, որ անչափ կարևոր է համարում Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության միջև քաղաքական, հասարակական, տնտեսական ներդաշնակ կապի և ինտեգրման ուղղությամբ գործուն քայլերի ապահովումը: Ըստ նրա՝ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը միայն մի կարևոր փուլ է միասնական հայրենիքի ստեղծման ճանապարհին:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության կողմից սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը՝ նա նշեց, որ այդ մասին դեռ վաղ է համարում խոսել, իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարած թեկնածուներին, ապա, այս պահին որևէ թեկնածուի սատարման մասին որոշում չկա, սակայն կուսակցության ձևավորումից հետո այդ հարցը, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը քննարկման օրակարգում կլինեն: