26/11/2019 18:40
Իսկական տնտեսական հեղափոխությունը ՀՀ-ԵՄ 2017թ.-ին ստորագրված համաձայնագիրն է. փորձագետ
ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրման երկրորդ տարին լրանալու շուրջ Aysor.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:
«Իշխանությունների մոտ, կարծես, թե բարդույթ կա նախկինում ձեռքբերված ծրագրերի, համագործակցության տարբեր ձևաչափերի մասին դրական արտահայտվելու հետ կապված: Դրա մասին են վկայում մի քանի դեպքեր, երբ այդ ծրագրերի իրականացման շատ խոստումնալից արդյունքները ներկայացվում են՝ որպես սեփական ձեռքբերում, առանց որևէ հղման նախկինում արված հսկայածավալ աշխատանքների վրա»:
Փորձագետն այդպիսի ծրագրերի շարքում թվում է ինչպես ՀՀ-ԵՄ համաձայնագիրն, այնպես էլ WCIT 2019 համաժողովը, Մեղրիի անցակետի արդիականացման հետ կապված ծրագիրը, որը մտել է իրականացման փուլ, ՀՀ-ի՝ տարածաշրջանում մաքսային ստանդարտացման առաջատարը ճանաչվելու փաստը, որը կրկին նախկին իշխանությունների օրոք կայացած ծրագրի արդյունք է.
«Խնդիրն իրականում այնքան դերակատարներին նշելու մեջ չէ, որքան, երբեմն շատ կարևոր իրադարձությունների՝ մասամբ նաև այդ բարդույթի արդյունքում, առաջնային օրակարգից դուրս մղվելու: ՀՀ-ԵՄ համագործակցության հիանալի համաձայնագրի վավերացումը, չնայած ուրախալի վերջին լուրին, առ այն, որ Սլովենիայի կողմից համաձայնագիրը վավերացվեց, այնուամենայնիվ գտնվում է պասիվ փուլում: Այս պարագայում, եվրոպական հարթակները տրամաբանորեն պետք է լավ առիթ հանդիսանան այդ մասին հիշեցնելու համաձայնագիրը դեռևս չվավերացրած մեր եվրոպացի գործընկերներին: Մինչդեռ, առայժմ մենք դրա ականատեսը չենք լինում: Արդյունքում մեծ հնարավորություններ ենք հետաձգում, ինչը հավասարազոր է կորցնելուն: »,- մասնավորեցրեց Լ. Ամիրխանյանը:
Ըստ փորձագետի ՀՀ իշխանություններն առավել, քան շահագրգիռ պետք է լինեն Հայաստան- Եվրամիություն խորը և համապարփակ համաձայնագրի վավերացման գործընթացի արագացման հարցում, քանի որ համաձայնագրով նախանշված բոլոր ծրագրերն, այդ թվում՝ տնտեսական, Հայաստանի տնտեսության համար մեծ խթան կհանդիսանան. «ՀՀ-ԵՄ 2017թ.-ին ստորագրված համաձայնագիրն է իսկական տնտեսական հեղափոխությունը և ոչ թե ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով պայմանավորված ավտոմեքենաների աննախադեպ առուվաճառքով բյուջե մտած գումարներով հպարտանալը», - կարծում է փորձագետը:
Մեր հարցին ի պատասխան, թե ինչ հնարավորությունների մասին է խոսքը, փորձագետը նշեց. «Համաձայնագրով նախատեսվում է մաքսային ոլորտի խնդիրների կարգավորում, արդիականացում, ընդհուպ մինչև՝ սահմանին բարեվարքության բարձր չափանիշների կիրառում, առևտրի ոլորտում համագործակցություն, զբոսաշրջության, ֆինանսական, տեղեկատվական, արդյունաբերական, էներգետիկ ոլորտներում համագործակցություն: Դաշտը շատ լայն է», - ամփոփեց փորձագետը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.-ի նոյեմբերի 24-ին: