26/11/2019 15:07
Զոհրաբ Մնացականյանը կարևորում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում խոսքի ազատության ապահովումը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մշտապես սատարում է գրասենյակի մարդկային և ֆինանսական կարողությունների ամրապնդմանը, առկա երկխոսության շարունակականության ապահովմանը: Նախարար Մնացականյանը նաև վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված բարեփոխումներին:
Նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դեզիրը մտքերի հանգամանալից փոխանակում ունեցան ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի շուրջ: ԱԳ նախարարն առանձնակի կարևորել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում խոսքի և մամուլի ազատության ապահովումը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: