Մեկնարկել է Խոսրով Հարությունյանն՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական նիստը
27/11/2019 10:20

Մեկնարկել է Խոսրով Հարությունյանն՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական նիստը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի, մեկնարկել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանն՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դատական նիստը։                   
 
Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին Ազգային ժողովում Արման Բաբաջանյանը, դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, հետաքրքրվել էր՝ արդյոք որևէ ձևով ընդվզել է, երբ նախկինում ՀԾԿՀ-ն տվել է ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր նախկին տարբեր պաշտոնյաների։ Այդ ժամանակ պատգամավորը տվել էր նաև Խոսրով Հարությունյանի անունը։  
 
Խոսրով Հարությունյանը մայիսի 17-ին դատական հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով։
 
Արման Բաբաջանյանի պաշտպան Նորայր Նորիկյանը, սակայն, վստահեցրել  է՝ Արման Բաբաջանյանը որևէ մեկին զրպարտելու, գործարար համբավը արատավորելու նպատակ չի հետապնդել:
 
Նշենք, որ Խոսրով Հարությունյանը ներկա է դատական նիստին, Արման Բաբաջանյանը՝ ոչ։