02/12/2019 11:32
ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի հետևում ՍԴ-ն սեփական կադրերով համալրելու նպատակն է. Պատգամավոր
Երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դիմում էր Վենետիկի հանձնաժողով, ասում էիք՝ «Դրսից տղա է բերում»։ Բա էս ո՞նց է, որ դիմել եք նույն Վենետիկի հանձնաժողով, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ արդարադատության նախարարին հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Էս ի՞նչ հաշիվ է։ Այսինքն՝ ձեզ կարելի է դիմել Վենետիկի հանձնաժողովով, ուրիշներին չի՞ կարելի։ Եթե կա ՍԴ-ն անցանկալի մարդկանցից ազատելու և ցանկալի մարդկանցով համալրելու խնդիր, բարի եղեք ճշմարտությունը խոստովանել։ Իմ կարծիքն այն է, որ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի հետևում կանգնած է կոնկրետ անձնաց Սահմանադրական դատարանից հեռացնելու և սեփական կադրերով ՍԴ-ն համալրելու նպատակը։ Այնուհետև նպատակ կա «սղացնելով» վավերացնել ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող պայմանագրերը», - ասաց պատգամավորը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հերթին վստահեցրեց, որ որևէ դատավորի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չկա։ «Մենք խնդիր ունենք լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, մենք դատավորներին տարանջատելու նպատակ չունենք», - ասաց նա։