02/12/2019 12:54
Ձեր թիմակիցն ասում է՝ Հայաստանում ՍԴ չկա. բա որ ՍԴ չկա, ինչի՞ մասին ենք խոսում. Գևորգ Պետրոսյան
Սահմանադրական դատարանը կոնկրետ ո՞ր գործով, ո՞ր որոշումով չի վայելում հանրության վստահությունը, որ ուզում եք ազատվել ՍԴ դատավորներից, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Ձեր հովանավորյալ Վահե Գրիգորյանն էր ասում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական ընտրություն է։ Էս ո՞ւմ եք եկել, ինչ ասում։ Կարծում եք՝ հիշողություն չունե՞նք, թե հավի հիշողություն ունենք։ Առաջին փոխվարչապետի մակարդակով է ասվել, որ ՍԴ խնդիրը քաղաքական իմաստ ունի», - ասաց նա։
Պետրոսյանի՝ կոնկրետության մասին հարցի կրկնությունը հունից հանեց Գրիգորյանին, և վերջիններիս միջև լեզվակռիվ ծագեց, որից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծեց՝ ՍԴ-ում ընդամենը մեկ ճգնաժամ կա, որի անունը Վահե Գրիգորյան է, և նա, ՍԴ աշխատանքներին չմասնակցելով, աշխատավարձ է ստանում։
«Ձեր թիմակիցն ասում է՝ Հայաստանում Սահմանադրական դատարան չկա, դրա համար էլ նիստերին չեմ մասնակցում։ Բա որ ՍԴ չկա, մենք ինչի՞ մասին ենք խոսում։ Եվ հետո, որ այդքան ասում եք՝ հարգանք ունեք դատավորների հանդեպ, բա որ էդքան հարգանք ունեիք դատավորների հանդեպ՝ անձամբ հենց Դուք, բա ինչի՞ չդատապարտեցիք դատավորներին «վնգստացող» ասելու հայտարարությունը։ Ու այստեղ աճպարարության տեղ չի»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը», - նշեց պատգամավորը։