02/12/2019 14:29
Այս իշխանության հեռացումը կլինի հարկադրված. Արթուր Ղազինյան
Որպեսզի պարզ դառնա Հայաստանի գործող իշխանության որոշում կայացնելու ու այդ որոշումն իրագործելու կարողությունն ու ռեսուրսը, նախ պետք է հասկանալ՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում ինչ օրակարգ է դրվել, որոշում կայացվել, ու այդ որոշումն իրագործվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի» վերտառությամբ գրառմանը։
«Ես նայում եմ, չունեն որևէ մեկ օրինակ, որ որևէ բան ասվել ու մինչև վերջ արվել է Հայաստանում։ Յուրաքանչյուր օրակարգ մնացել է կիսատ, չիրականացված։ Հետևաբար, որոշում կայացնելու և այդ որոշումը իրագործելու առումով իշխանությունն ունի խիստ սահմանափակ կարողություններ», - ասաց Արթուր Ղազինյանը։
Հարցին, թե կիսու՞մ է տեսակետը, որ այս իշխանությունը ժամանակավոր է, հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի, Արթուր Ղազինյանն արձագանքեց.
«Ժամանակի առումով՝ չեմ կարող ասել։ Յուրաքանչյուր իշխանություն պետք է հեռանա, իսկ դրա համար կստեղծվեն օբյեկտիվ պայմաններ, կստեղծվի իշխանությունը պահելու անհնարինության իրավիճակ, որի պարագայում ոչ ոք չի հարցնի, ուզում են, թե չեն ուզում հեռանալ։ Հեռացումը կլինի հարկադրված»։