02/12/2019 12:24
Աննա Իսրայելյան. Ես Նաիրի Հունանյանի որևէ խոսքի չեմ հավատում (Տեսանյութ)
Ես իր ասած որևէ խոսքի չեմ հավատում, ես իր ասած որևէ խոսք չեմ փոխանցի: Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում հայտարարել է Aravot.am-ի խմբագիր, լրագրող Աննա Իսրայելյանն՝ անդրադառնալով դիտակմանը, թե ինչու օրինակ այս տարիների ընթացքում ցանկություն չի ունեցել հանդիպել Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի հետ։
«Նախ` անկեղծ ասած երևի ինձ համար մարդկայնորեն շատ դժվար կլիներ: Ես այդ պահին, օրինակ, որ իմացա Նաիրին, քանի որ 20 տարին լրացել է, ինքը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, ինքս էլ չէի սպասի, որ մարդկայնորեն այդպես կանդրադառնա ինձ վրա, բայց ասեմ, որ սառը քրտինք վրաս տվեց, ու ահավոր վատ տարա: Ինձ համար բավական դժվար կլիներ իր հետ դեմ դիմաց հայտնվելը: Ես չեմ կարողանում առանց հուզմունքի այդ օրերի մասին խոսել ու ասեմ ավելին` ես միակը չեմ այդպիսին: Ես բազմիցս այդ օրինակը բերում եմ, որ այդ օրն այլ լրագրողներ, ովքեր այնտեղ են գտնվել, մինչև այսօր, այսքան տարի է անցել, իրենց մոտ բարձր ձայնից իրենք ցնցվում են: Ասենք` Էմմա Խուդաբաշյանն էր պատմում, որ գլխին անընդհատ արյուն էր կաթում, ու ասում է, ինձ թվում էր, որ ես վիրավորված եմ, հետո տեսա, որ ակադեմիկոսը, որը սպանվել էր, իր արյունն էր գլխիս կաթում, և ես անընդհատ երազումս արյունոտ վերմակ եմ տեսնում: Դուք հասկանում եք, որ մարդը, որն այս տեսակ զգացողություններ ունի, որը տեսել է ասենք երեսի կեսը կորցրած Անդրանիկ Մանուկյանին, իր համար դժվար է դեմ դիմաց հայտնվել մեկի հետ, ով դրա կատարողն է` այսպես ասած»,- ասել է Աննա Իսրայելյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ Նաիրի Հունանյանն իր անսահման էգոն, իր ամբիցիաները բավարարելու համար, երկրի ճակատագիրը որոշելու իր հավակնությունները բավարարելու համար պատրաստ էր ասել ցանկացած սուտ։
«Իրեն ճանաչող, իր դիմանկարին տիրապետող մարդու համար կարելի է ենթադրել, որ մարդը պիտի նեղված լինի, որ երկու տասնամյակ է ինքը օրակարգում առաջին տեղում չէ և կօգտագործի ցանկացած առիթ նորից վերադառնալու համար: Ինքս երբեք այդ հնարավորությունն իրեն չէի տա և չէի դառնա խոսնակն ահաբեկչի ինչ-որ իղձերը, ցանկությունները, իր մտածումները լայն աշխարհին, հանրությանը փոխանցելու առումով: Ես իր ասած որևէ խոսքի չեմ հավատում, ես իր ասած որևէ խոսք չեմ փոխանցի, այսինքն`այդ պահին` հոկտեմբերի 27-ին, ես փաստորեն դա արել եմ, որովհետև այդ պահին իրեն հարցրեցի` ինչի ՞ հիմա Վազգեն Սարգսյանին սպանելով, բայց հետո, երբ որ ինքը քաղաքական խաղի ջոկեր դարձավ, դերակատար դարձավ, խաղաթուղթ դարձավ, ինքս այդ խաղին չեմ ուզում մասնակցել և ինքս իրեն օրակարգ չեմ ուզում վերադարձնել և այդ պատճառով երբևէ նման բան չեմ ձեռնարկի: Գուցե, այն, ինչը որ ես հիմա ասում եմ, լրագրողական պահվածք չէ, ոչ թե գուցե, այլ հաստատ, քանի որ ընդհանուր առմամբ պիտի պատրաստ լինեի զրուցել ցանկացածի հետ, բայց կա նաև մեկ այլ կանոն` ահաբեկիչներին ձայն չտալու, իրենց խոսափողը չդառնալու և դա նույնպիսի հավասարազոր կանոն է, ինչպիսին ասենք մասնագիտական: Մի կողմ եմ թողնում գուցե այդ օրերի վկայի, այդ օրերի ականատեսի հանգամանքը, զուտ խոսում եմ մասնագիտական սկզբունքների մասին`ահաբեկիչներին դառնալու խոսափոխ որևէ մեկս իրավունք չունի, իսկ Նաիրի Հունանյանը և իր խումբն ահաբեկիչներ են»,- նշել է Աննա Իսրայելյանը։
Անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի և Նաիրի Հունանյանի հանդիպմանը և հայտարարություններին, թե Հունանյանը որոշ տեղեկություններ է փոխանցել պատգամավորին՝ Աննա Իսրայելյանն ասել է, որ այդ ամենն իրեն ավելի շատ քաղաքական խաղ է թվում, քան ճշմարտության բացահայտման հետ կապված ինչ-որ գործընթաց:
«Ես գիտեմ իրավապաշտպաններ, որ անցած տարիների ընթացքում իրեն հանդիպել են։ Ես նաև գիտեմ, էլի մարդիկ, որ իրենց աշխատանքի բերումով իր հետ հանդիպել են, և ես գիտեմ, որ այդ մարդը, օրինակ, հանդիպողներից մեկն ինձ պատմում է, որ նստած ինչ-որ փաստաթղթեր է լրացնում, էլի շարունակում է օրենքների նախագծեր գրել, ասում է` ես ժամանակ չունեմ: Գիտեք` մարդու համար, որ երկու տասնամյակ անցկացնում է մենախցում դժվար է ենթադրել, որ ինքը ոգու, հոգու, մտքի պայծառությունը պահպանած կլինի և մի քիչ հավատալ, որ ինքը շատերից ավելի ադեկվատ է, հավատալու չէ ինձ համար»,- ասել է Աննա Իսրայելյանը։