09/12/2019 11:03
Ոստիկանությունն այսօր չպետք է գաղտնալսում ինքնուրույն կազմակերպելու հնարավորութուն ունենա. փոխնախարար
Այն, որ կառավարությունն այս պահին դեմ է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, նշանակում է, որ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը դեռևս չի վերջնականացվել, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։
«Կառավարությունն ասում է, որ հատվածական կարգավորումներով ոստիկանությունն այսօր չպետք է ունենա գաղտնալսում ինքնուրույն կազմակերպելու հնարավորութուն։ Ոստիկանությունն ապագայում այդ հնարավորությունը կարող է ունենալ, բայց միայն համալիր կարգավորումների արդյունքում», - ասաց նա։
Փոխնախարարը միաժամանակ հիշեցրեց, որ 2021 թվականին ստեղծվելիք հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն։
«Միաժամանակ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև ՀՔԾ-ին», - ասաց Սրբուհի Գալյանը։