Չեխիան 2-րդ անգամ բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը
10/12/2019 15:09

Չեխիան 2-րդ անգամ բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը:

Նշենք, որ 2019 թ. հունիսին Aysor.am-ին դատախազությունից հայտնել էին, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Հայաստանի երրորդ նախագահի եղբոր որդի Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:
 
ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է:

Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.-ին՝ Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ. հուլիսին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: 

Չեխիան 2-րդ անգամ բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը