11/12/2019 12:14
Եթե երկու արտիստ իրենց տանից եկած «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում. Փոխքաղաքապետ
Եթե մենք ուզենայինք Ամանորին Հանրապետության հրապարակում չունենալ նոր բառերով, տեքստերով, նոր գործիքավորմամբ, հարյուրավոր կարված զգեսնտերով համերգ-մյուզիքլ, այլ դրա փոխարեն երկու արտիստ իրենց տանից եկած «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ խոսելով ամանորյա տոնակատարություններին 325․7 մլն դրամ հատկացնելու մասին։
«Ձևաչափը թելադրում է ծախս, իսկ այդ ընտրված ձևաչափն ու միջոցառումների բարձրաճաշակությունը նաև թելարդում է որոշակիորեն արվելիք ծախսեր, որն ուղղակիորեն հնարավոր չէ չանել», - ասաց նա։
Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20։00-ին, տեղի կունենա տոնական լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հայկական մոտիվներով, հայաֆիկացված համաշխարհային ամանորյա հիթերի մյուզիքլով։
Փոխքաղաքապետն ասաց, թե դեկտեմբերի 31-ի ծրագիրը մեկնարկելու է 22։00-ից։ Հանրապետության հրապարակից ուղիղ եթերով կլինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը։
Նրա խոսքով՝ միջոցառումները կշարունակվեն մինչև 2020-ի հունվարի 13-ը։