12/12/2019 12:24
Դատախազությունը շարունակում է «ԿամԱԶ»-ների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրությունը
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավելի վաղ հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «ԿամԱԶ»-ներ են «նվիրել»:
Նա նշել էր, որ մեքենաների մի մասը նվեր է ստացվել Սամվել Ալեքսանյանի կողմից:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, հերքել էր՝ ասելով, թե «ԿամԱԶ»-ները Սամվել Ալեքսանյանից չեն նվեր ստացել։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հրապարակել էր նվիրատուների ցանկի մի մասը, ինչի վերաբերյալ Դավիթ Խաժակյանը դարձյալ կասկած էր հայտնել՝ ասելով, որ «Ն և Ս քանսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին ԿամԱԶ-ները նվիրել է շինթույլտվության դիմաց։