13/12/2019 13:52
Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել Ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Մարուքյան
Միացյալ Նահանգների Սենատը երեկ պատմական բանաձև է ընդունել, որն առաջին անգամ է Սենատում ընդունվում։ Բոլոր նախկին փորձերն արտաքին հարաբերությունների հանձնաժողովից այն կողմ չեն անցել, վիժեցվել են։ Այս առումով շատ կարևոր է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինն ամբողջությամբ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Սա կարող է լավ խթան հանդիսանալ աշխարհի տարբեր երկրների պառլամենտներում սկսած և դեռևս չավարտված նմանատիպ բանաձևերի ընդունման գործում», - նշեց Մարուքյանը։
Անդրադառնալով բանաձևի արդյունքներին՝ պատգամավորը շեշտեց՝ դրանք քաղաքական են, իրավական չեն։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել Ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սա հետաքրքիր հանգամանք է։ Այստեղ շատ կարևոր է նաև Թուրքիայի պահվածքը։ Նաև Թուրքիայի պահվածքով է պայմանավորված մեր հաջողությունները Կոնգրեսում: Այսինքն՝ մեծ կռիվ է գնում, այդ կռվի մեջ մենք մեր խնդիրները առաջ ենք տանում», - ընդգծեց Էդմոն Մարուքյանը։