13/12/2019 14:19
Դատախազությունը և ոստիկանությունը ընտրողական մոտեցում են ցուցաբերել Վահե Պարազյանի վերաբերյալ դեպքով. Փաստաբան
Առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու գործով տուժող Վահե Պարազյանը թեև ներկայանում է գործարարի անվան ներքո, սակայն նրա պնդումները և ելույթներն իրականության հետ որևէ աղերս չունեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործով անցնող Վարդան Ստեփանյանի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը:
Ըստ փաստաբանի՝ «Գալա» լրատվական կայքին տված Վահե Պարազյանի հարցազրույցի բովանդակությունից տպավորություն է ձևավորվում, թե վերջինս գործադրել է ողջ ներուժն ամպագորգոռ հայտարարություններ անելու և հայտնի մարդկանց անվանարկելով «դիվիդենտներ» ստանալու համար:
Հրանտ Անանյանը նշում է, որ ըստ իր վստահորդի՝ Պարազյանն «անհաջող փորձում է պրոֆեսիոնալ ստել, սակայն իրականում նա խաբեության և աճպարարության եղանակով թաքցրել, քողարկել է իրեն վճարման ենթակա շուրջ 350 000 ԱՄՆ դոլար գումար»:
«Բացի իրենից Վահե Պարազյանը խաբեությամբ գույքային վնաս է պատճառել ռուսաստանաբնակ բազմաթիվ այլ անձանց, իսկ Հայաստան է վերադարձել ոչ թե գործարարությամբ զբաղվելու համար, ինչպես հաճախ նշում է ինքը, այլ ՌԴ-ում ապօրինի տիրացած գումարները վերադարձնելուց խուսափելու համար: «Սևեռնայա ստրաիտելնայա կոմպանիա» ՍՊ ընկերության սեփականատերն է հանդիսանում Վարդան Լևոնի Ստեփանյանը, այն որևէ մեկի տանիքի տակ չի գործել և չի գործում, իսկ Հայկազ Բաղմանյանը և որևէ այլ անձնավորություն որևէ կապ չունեն նշված ընկերության և դրա գործուներության հետ», - նշում է փաստաբանն ու հավելում, որ «Սևեռնայա ստրաիտելնայա կոմպանիա» ՍՊ ընկերությունը շինարարական աշխատանքներ է կատարել Վահե Պարազյանի կողմից ղեկավարվող «ԿապՍտրոյՌեմոնտ» ընկերության պատվերով, ովքեր էլ ստորագրել են աշխատանքների պատշաճ կատարման վերաբերյալ հանձման-ընդունման ակտերը, սակայն Վահե Պարազյանը շուրջ 350 000 ԱՄՆ դոլար չի փոխանցել կատարողին, ունենալով այդ միջոցները արհեստական և անհիմն ձևով դուրս է բերել իր ընկերության հաշվարկային հաշվից՝ ընկերությունը դարձնելով անվճարունակ և այդ կերպ խուսափել է իր պարտավորությունները կատարելուց:
Նշված արարքը նկարագրված է որպես հանցագործություն ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածով:
Անանյանի գնահատմամբ՝ դատախազությունը կողմնակալ վերաբերմունք է դրսևում՝ Վարդան Ստեփանյանը դեռևս սույն թվականի օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, որով խնդրել էր Վահե Պարազյանի կողմից ՀՀ քրական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու համար հարուցել քրեական գործ և նրան ենթարկել քրեական պատասխանատվության:
«Տպավորություն է առաջանում, որ դատախազությունը և ոստիկանությունը հովանավորչություն են անում ամեն կերպ Վահե Պարազյանին աջակցելու և վերջինիս կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների չբացահայտման ուղղությամբ: Նշված հովանավորչության պատճառները թեև առայժմ հայտնի չէ, սակայն մեր կողմից արվելու է ամեն ինչ այս մշուշոտ հանգամանքների պարզաբանման համար: Իրավիճակը հասել է նույնիսկ նրան, որ դատարանում, որտեղ ներկայումս մեր կողմից բողոքարկվում է ՀՀ իրավապահների կողմից իմ վստահորդի ներկայացված հաղորդման առթիվ քննություն և քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու հետ կապված հարցը, դատախազության ներկայացուցիչը «համառորեն» պնդում է, որ օրենքին չի հակասում՝ «նորմալ» է, որ քաղաքացու հաղորդմանն ամիսներ շարունակ չեն պատասխանել, ինչի արդյունքում նա ստիպված դիմել է դատարան, Հայաստանից դուրս կատարված հանցագործության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները քննություն ձեռնարկելիս իբր չպետք է առաջնորդվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքրով և իբր ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված (կատարողի կամ տուժածի ՀՀ քաղաքացի լինելով պայամանվորված) բացառությունները դատավարական օրենքի հետ գտնվում են հակասության մեջ՝ առաջարկելով վիճարկել դրա սահմանադրականությունը և մոռացության տալով, որ մինչ օրս ՀՀ-ում բազում այլ դեպքերով ՀՀ-ից դուրս կատարված դեպքերով կատավել է քննություն», - ասաց է փաստաբանը:
«Այսինքն՝ ակնհայտ է, որ դատախազությունը և ոստիկանությունը ընտրողական մոտեցում են ցուցաբերել հենց Վահե Պարազյանի վերաբերյալ դեպքով: Ուշագրավ է նաև այն, որ այդ հաղորդման և որևէ եղանակով ընթացքը չլուծված նյութերի նախապատրատության ընթացքում Վ.Պարազյանը ներկայացել է որպես «ԿապՍտրոյՌեմոնտ» ընկերության տնօրենի խորհրդական, իսկ լրատվական կայքին ներկայացել է այդ ընկերության ղեկավար», - նշեց Հրանտ Անանյանը: