.jpg)
18/12/2019 14:14
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Լուսինե Աբգարյանն ինքնաբացարկ չհայտնեց
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն ինքնաբացարկ չհայտնեց։
Դատավորը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին։
Որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք Վարդևանյանը նշել էր դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։
Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքով՝ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այս փաստերը կասկածներ կարող են առաջացնել։