Մեկամսյա ժամկետում արհեստավարժության ապահովման տեսանկյունից կարող են առաջանալ խնդիրներ. ԱԺ եզրակացությունը՝ Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ
24/12/2019 15:43

Մեկամսյա ժամկետում արհեստավարժության ապահովման տեսանկյունից կարող են առաջանալ խնդիրներ. ԱԺ եզրակացությունը՝ Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժինը եզրակացություն է հրապարակել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ:

Փորձաքննությունը նշում է, որ նախագծի կարգավորումներից հասկանալի չէ, թե որն է արագացված ընթացակարգով զինվորական ծառայության ներգրավվելու հիմքը:

«Նախագիծը պարունակում է կարգավորումներ միայն քաղաքացու կողմից դիմում ներկայացնելու և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արագացված ընթացակարգով զինվորական պատրաստություն անցնելու թույլտվություն տալու մասին հրամանի ընդունման վերաբերյալ, մինչդեռ հիմքը, որով անձը համարվելու է զինվորական ծառայությանը ներգրավված, բացակայում է: Բացակայում են նշված հարցին վերաբերելի կարգավորումները նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավաճակի մասին» օրենքում», - նշված է եզրակացության մեջ:

Նշվում է, որ նախագծի արդյունքում զինվորական ծառայության տեսակների ցանկին ավելացվում է զինվորական ծառայության տեսակ՝ արագացված ընթացակարգով, որը չի համապատասխանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինվորական ծառայությանը ներկայացվող պահանջներին, որի արդյունքում այդ ընթացակարգով ծառայությունը չի կարող համարվել զինվորական, հետևաբար նաև սահամանադրական պարտականության կատարման ձև:

Եզրակացությունը նաև խնդրահարույց է համարում նախագծով առաջարկվող զինծառայության ժամկետի հետ կապված, որը հիշեցնենք, ըստ նախագծի հեղինակի, պետք է լինի մեկ ամիս:

«Փաթեթով նախատեսվող զինվորական ծառայության տեսակը պարունակում է կարգավորում այդ ծառայության մեկ ամիս ժամկետով լինելու վերաբերյալ, որի ընթացքում զինվորական ծառայության իրավունք ունեցող անձը պետք է սովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը: Մինչդեռ զինվորական ծառայության կազմակերպման սկզբունք է համարվում զինծառայողների արհեստավարժությունը: Կարծում ենք, որ մեկամսյա ժամկետում արհեստավարժության ապահովման հնարավորության տեսանկյունից ևս կարող են առաջանալ խնդիրներ:

Առաջարկում ենք նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու նպատակով, արագացված ընթացակարգով զինվորական ծառայության համար սահմանել այնպիսի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան Օրենքին համապատասխան այդ ծառայությունը լիարժեքորեն դիտարկել որպես զինվորական ծառայություն և դրանով իսկ ապահովել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահամանադրական պարտականության կատարումը», - ասված է եզրակացության մեջ:

Նշենք, որ օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում կքննարկվի դեկտեմբերի 26-ին՝ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

Հիշեցնենք, պատգամավորն առաջարկում է վաճարել 10 մլն դրամ և ծառայել մեկ ամիս:

Մեկամսյա ժամկետում արհեստավարժության ապահովման տեսանկյունից կարող են առաջանալ խնդիրներ. ԱԺ եզրակացությունը՝ Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ