Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները չեն հաստատվել
24/12/2019 10:35

Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները չեն հաստատվել

ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը վերադարձնել քննիչին։

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ: 

Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էլ այս մասին Facebook-ում գրել է.

«Դատախազությունը որոշեց` Ա. Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձնել քննիչին, բավարարելով մասնակի իմ բողոքը։ Բողոքում բարձրացված այլ հարցերի մասով հստակ նշվել է, որ դրանց անդրադարձ կկատարվի հետագայում։ Կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և որոշումը»։

Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: