27/12/2019 10:59
Իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը. Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ նախագահի հարցաքննության մասին (Տեսանյութ)
ՍԴ դատավորների մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառքը ստանալ ճանապարհով, ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Պարզ է, որ նրանց առնվազն մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառքը ստանալ ճանապարհով: Հիմա, իմ խորին համոզմամբ, իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը: Այս ապօրինի գործողություններն ի վերջո պատասխանատվության են կանչելու դրանց նախաձեռնողներին, պատվիրատուներին», - ասաց նա:
Մինասյանը նշեց, որ որպես հարցաքննություն ձևակերպված քննչական գործողությունը ցանկացած պահի կարող է վերածվել ուղղակի մեղադրանքի առաջադրման:
«Կոչ եմ անում նաև մեր քաղաքացիներին, անօրինական մեթոդներով օրինականության հասնել հնարավոր չէ: Նրանք պիտի բացեն իրենց աչքերն ու տեսնեն, որ այն երազանքների Հայաստանը, որն իրենք ուզում էին ընդամենը մեկ տարի առաջ, ցավոք, այսօր աստիճանաբար մարում են: Օր առաջ պետք է պահանջատերը լինեն իրավունքի գերակայության ապահովմանն ու իշխանություններին պարտադրեն վերադառնալ սահմանադրական ընթացակարգեր», - ասաց Մինասյանը:
Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը պետք է հարցաքննվեր այսօր ժամը 10:30-ին:
Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: