Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
16/01/2020 11:50

Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Մեր հետևողական քաղաքականությունն է, որ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված ունենանք շատ կոնկրետ պատասխաններ, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը մենք պետք է բարձրացնենք, խոսքը կոնկրետ վերաբերում է հեռուստատեսային շուկային ու այդ շուկայում մենք այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ստեղծվել է երկու կառույց, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները ու գումարները բաշխում ըստ վարկանիշների:

«Գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է», - ասաց նա:

Վարչապետը նշեց, թե Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:

«Օրինակ, այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող, նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա, կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման հեռուստաընկերության գործունեությունը իրենց համար ոչ միայն «հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև՝ նրանց շոշափուկների ու մետաստազների»:

«Այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ մենք մեր աշխատանքի որակը ավելի ու ավելի բարձրացնենք, բայց մենք պետք է գնանք էն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությոնների վրա: Ի միջիայլոց, հեռուստաալիք կա Հայաստանում, որ արդեն վիճակագրություն ունեմ, որ խաղադրույք եմ անում, ասում եմ, թե պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում է, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները»», -  ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ պատրաստվո՞ւմ են ներդնել:

Նախարարն էլ դրական պատասխան տվեց:

Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)