23/01/2020 11:23
Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Վարչապետը կրկին խոսեց ծննդատներից
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ծննդատների թեմային: Նա ասաց, թե երեկ Հ1-ի եթերում տեսել է ռեպորտաժ Աչաջուրի ծննդատնից:
«Ի՞նչ է պատմում այդ ռեպորտաժը. հարցրազրույց են անում ծննդկանի հետ, որը այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից, այսինքն՝ գյուղից եկել է Աչաջուրում ծննդաբերելու, որը, ըստ չափանիշների, գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար չափանիշներին», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյանից 19 կիլոմետր հեռավորության վրա ու Նոյեմբերյանում կա ծննդատուն՝ շատ լավ վիճակում, նորոգված, լիարժեք հագեցված:
«Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունը ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան՝ Աչաջուրը, էլ չեմ ասում, որ Աչաջուրը Ոսկեպարից հեռու է 25.7 կիլոմետր, Իջևանից հեռու է 34.3 կիլոմետր: Հարց՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել», - ասաց Փաշինյանը:
Նա պարզաբանեց, որ այս ամենն ասում է ցույց տալու համար, թե հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում:
«Այսինքն, եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվի: Էս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ», - ասաց վարչապետը: