30/01/2020 18:36
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն խուսափում է ՍԴ նախագահի մասին Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժին գնահատական տալուց
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը չցանկացավ մեկնաբանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը:
Առավոտյան Մելիքյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի դիտել այն ու չի կարող ոչինչ ասել՝ ավելացնլով, որ չի կարծում, թե այն դիտելուց հետո կկարողանա մեկնաբանություն տալ այդ մասով:
Ավելի ուշ մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել Մելիքյանի հետ՝ պարզելու՝ դիտե՞լ է ռեպորտաժն ու պատրա՞ստ է մեկնաբանություն տալ, մինչդեռ այս անգամ մեր զանգերն անպատասխան մնացին:
Երեկ Հանրային հեռուստաընկերությունը «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» խորագրով ռեպորտաժ էր պատրաստել:
Այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը՝ նշելով, որ եթեր հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։