Կոնկրետ անձից ձերբազատվելու համար իշխանությունը ձեռնամուխ է լինում ծայրահեղ անօրինական և հակասահմանադրական քայլերի. Միհրան Պողոսյան
31/01/2020 17:07

Կոնկրետ անձից ձերբազատվելու համար իշխանությունը ձեռնամուխ է լինում ծայրահեղ անօրինական և հակասահմանադրական քայլերի. Միհրան Պողոսյան

Նման նախաձեռնությամբ փորձ է արվում ոչնչացնել Սահմանադրական դատարանը և դրա հետևանքով՝ դատական համակարգի անկախությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանն՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:

«Ակնհայտ է, որ նպատակը ոչ միայն Սահմանադրական դատարանի նախագահից ազատվելն է, այլ, իմ կարծիքով, խոսք է գնում իբր իրավական միջոցներով, իրական պետական հեղաշրջում իրականացնելու մասին, քանի որ նման նախաձեռնությամբ փորձ է կատարվում ոչնչացնել Սահմանադրական դատարանն ու դրա հետևանքով՝ դատական համակարգի անկախությունը: Սա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իրավական պետություն վերացնելու հիմնաքարն է, որի արդյունքները տարիներ հետո բոլորս ենք զգալու: Կոնկրետ անձից ձերբազատվելու համար իշխանությունն այս պահին ձեռնամուխ է լինում ծայրահեղ անօրինական և հակասահմանադրական քայլերի», - ասաց Պողոսյանը:  

Խոսելով առհասարակ վերջին օրերին ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Պողոսյանն ասաց՝ ակնհայտ է, որ ՍԴ նախագահի նկատմամբ քաղաքական և անձնական հետապնդում է իրականացվում:

Պողոսյանի խոսքով՝ ՍԴ նախագահի փաստաբանական թիմն ամբողջ ծավալով իրականցնելու է Հրայր Թովմասյանի պաշտպանությունը:

«Ակնհայտ է, որ այստեղ խոսք չի կարող գնալ քրեական հետապնդման մասին, այստեղ քաղաքական և անձնական հետապնդում է, որի շրջանականերում Հատուկ քննչական ծառայությունն, ինչպես մի շարք այլ գործերով, օգտագործվում է որպես գործիք է։ Մենք հետևողական ենք լինելու, որ մեր տրված հաղորդումները, մեր բողոքներն իրենց տրամաբանական և օրինական ավարտին հասնեն: Այդ մասով պայքարելու ենք, որ նաև պետությունն արձանագրի՝ այստեղ խոսք է գնում միմիայն Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացնելու կամ Սահմանադարական կարգի տապալման մասին», - ասաց նա:  

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ կայքում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 6-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Օրակարգում նախագծերի մեկ փաթեթ էր՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Կոնկրետ անձից ձերբազատվելու համար իշխանությունը ձեռնամուխ է լինում ծայրահեղ անօրինական և հակասահմանադրական քայլերի. Միհրան Պողոսյան