«Կպարզի ՀՀ ԿԲ-ն». Վիճկոմիտեն դեռ չի հաստատում վարչապետի պնդումը, որ «Արդշինբանկի» եվրոբոնդերը օտարերկրյա ուղիղ ներդրում են
31/01/2020 14:56

«Կպարզի ՀՀ ԿԲ-ն». Վիճկոմիտեն դեռ չի հաստատում վարչապետի պնդումը, որ «Արդշինբանկի» եվրոբոնդերը օտարերկրյա ուղիղ ներդրում են

Հունվարի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ «Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկելч աննախադեպ ցածր 6,5 տոկոսով: Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են:

Վարչապետը հայտարարել էր, որ սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է և տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է:

Aysor.am-ը դիմել է ՀՀ Վիճակագրական կոմիտե՝ պարզելու՝ «Արդշինբանկի» թողարկած եվրոբոնդերը ինչպես են համարվում ուղիղ օտարերկրյա ներդրում և վիճակագրական որ սկզբունքով է այն ձևակերպվում որպես օտարերկրյա ներդրում:

Ի պատասխան ՀՀ Վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը վարվում է միջազգային վիճակագրական չափորոշիչներին համապատասխան:

«Այսպես, համաձայն Արժույթի միաջազգային հիմնադրամի կողմից ընդունված «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6»-ի, օտարերկրյա մասնավոր ներդրումները տարանջատվում են 4 ֆունկցիոնալ խմբերի՝ ուղղակի, պորտֆելային, այլ ներդրումների և ֆինանսական ածանցյալների:

Խնդրո առարկա համատեքստում նշված եվրոբոնդերը ավելի շուտ համապատասխանում են օտարերկրյա պորտֆելային ներդրում հասկացության բովանդակությանը (պորտֆելային ներդրումները որևէ կազմակերպության օտարերկրյա ներդրումներն են՝ մինչև 10% ձայնի իրավունք տվող բաժնետոմսերում, ինչպես նաև ներդումները շրջանառելի պարտքային արժեթղթերում՝ պարտատոմսեր, պարտամուրհակներ, դրամի շուկայի գործիքներ, այլ պարտքային արժեթղթեր: Պորտֆելային ներդրումները լինում են կապիտալի մասնակցության արժեթղթերի և պարտքի արժեթղթերի տեսքով):

Դրանց հաշվառումը՝ որպես ֆինանսական կազմակերպությունների հատվածի մաս, իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի՝ որպես ոլորտում լիազոր մարմնի կողմից: Հետևաբար, վերջնական դասակարգումը հնարավոր կլինի պարզել միայն ռեսպոնդենտի (տվյալ դեպքում՝ «Արդշինբանկի») կողմից ՀՀ ԿԲ-ին համապատասխան հաշվետվություն ներկայացնելուց և ՀՀ ԿԲ կողմից տվյալների մշակումից հետո, երբ պարզ կլինեն որոշ փոփոխականների բնույթը:

Առավել հստակ և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկվում է դիմել համապատասխան լիազոր մարմնին՝ ՀՀ ԿԲ-ին», - ասված է Aysor.am-ին տրամադրված պատասխանում:

Նշենք, որ օտարերկրյա ուղիղ  և պորտֆելային ներդրումներն արմատապես տարբերվում են միմյանցից: Հիմնական տարբերությունը հետևյալն է. ուղիղ ներդրումների ընթացքում ներդրողը իրավունք ունի ազդել ներդրումային նախագծի վրա:
 
Պորտֆելային և ուղիղ ներդրումների միջև հիմնական, սկզբունքային տարբերությունն այն է, որ պորտֆելային ներդրումները թույլ չեն տալիս կառավարել ներդրումային նախագիծը, իսկ ուղիղ ներդրումները թույլ են տալիս:
«Կպարզի ՀՀ ԿԲ-ն». Վիճկոմիտեն դեռ չի հաստատում վարչապետի պնդումը, որ «Արդշինբանկի» եվրոբոնդերը օտարերկրյա ուղիղ ներդրում են