Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել
05/02/2020 13:40

Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել

Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով Ազգային անվտանգության ծառայությունում քննչական խումբ է ստեղծվել, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանն էր միջնորդություն ներկայացրել՝ խնդրելով անջատված գործով քննչական խումբ ստեղծել:

Բախշյանը միջնորդել էր նաև, որ քրեական գործը փոխանցվի քննչական այլ ենթակայության՝ ԱԱԾ-ից հանձնելով ՀՔԾ-ին, դատախազությունը, սակայն, մերժել է այս միջնորդությունը։

«Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին։ Բացատրվել է բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգը: Համաձայն դրա՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին: Մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել: Որոշմամբ նաև նշվել է, որ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող քննչական խմբում ներգրավվում են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ», - նշեցին Գլխավոր դատախազությունից։

Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել