06/02/2020 19:36
Ե՞րբ կունենանք երազանքի Սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրնկի տակ. Նիկոլ Փաշինյան
Սահմանադրական դատարանը Երրորդ հանրապետությունում դարձել էր տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձևավորելու իր իավունքը, որովհետև ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղացուն բացատրել է, որ ինքը՝ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել», - ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Հայաստանը չունի երազանքի Սահմանադրական դատարան։
«Ե՞րբ կունենանք երազանքի Սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրնկի տակ, կունենա՞նք, թե՞ չենք ունենա Սահմանադրական այդպիսի դատարան։ Այո՛, կունենանեք, բայց եթե որևէ բան չփոխենք, կունենանք, ուշադրություն, 2035 թվականին», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստն իր սեփական պլաններին հարմարացնելու համար։
«Ըստ էության, գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի ու Հրայր Թովմասյանի միջև հետևյալ տրամաբանությամբ՝ եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը պետք է նաև իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա որպես ՍԴ նախագահ՝ ի հեճուկս գործող Սահմանադրության», - ասաց Ն. Փաշինյանը։