10/02/2020 13:37
Օրենքը հիմք կստեղծի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառականությունն ապահովելու համար. ԿԳՄՍ նախարար
2023 թվականին պետք է ունենաք իրավիճակ, երբ նախադպրոցական ուսումնական հաստատություններ մինչև 6 տարեկան երեխաների 70 տոկոսը հաճախեն, ԱԺ-ում նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումները թեմայով քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ներկայումս հաճախելիության 40 տոկոս ունենք, ինչը կախված է նաև մանկապարտեզների հասանելության հետ: Նախ դրանց թիվը քիչ է, երկրորդ՝ տարիներ շարունակ շատ մանկապարտեզների տարածքներ օտարվել են», - ասաց նախարարը:
Հարությունյանն ընդգծեց, որ մանկապարտեզներում ներառական կրթության անցման մեխանիզմներ ներկայումս չկան, իսկ օրենքը թույլ կտա նաև այդ խնդրին անդրադառնալ.
«Մենք պատրանք չունենք, որ օրենքն ընդունվեց մենք այս ուղղությամբ բոլոր խնդիրները լուծելու ենք, բայց այն հիմք է ստեղծում, որպեսզի մենք կարողանանք առաջ գնալ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառականությունն ապահովելու համար», - ասաց նախարարը: