17/02/2020 13:58
Մեր գործը թողած՝ ամեն անգամ գնում ենք ասելու, որ աղբյուր չենք բացահայտելու. Քնար Մանուկյան (Տեսանյութ)
2019 թվականին բոլորն ակնատես եղան, ինչպես ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով արշավ սկսեց «Ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ փորձելով ամեն կերպ հասնել մեր աղբյուրի բացահայտմանը, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ժողովուրդ» թերթի խմբագիր Քնար Մանուկյանը։
Նրա խոսքով՝ իրենք, այս պրակտիկայից դրդված, իրավապահ մարմիններին ուղղված հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վերջ տալ ԶԼՄ-ի դեմ արշավին։
Քնար Մանուկյանի նաև ընդգծեց՝ իրենք չեն ենթարկվել ՀՔԾ հորդորներին՝ չհրապարակել Մարտի 1-ի գործով առանցքային վկաների ցուցմունքները։
«Որքան էլ իրավապահ մարմիններին դուր չգա՝ մենք շարունակելու ենք մեր մասնագիտական գործունեությունը։ Պարզապես մեր գործը թողած՝ ամեն անգամ գնում ենք ասելու, որ աղբյուր չենք բացահայտելու», - պատմեց խմբագիրը՝ հիշեցնելով, որ ինֆորմացիայի աղբյուրի բացահայտման համար նախաքննական մարմինն ապօրինի կերպով անգամ հանել է իր հեռախոսային զրույցների վերծանումները՝ ճշտելու, թե ո՞վ է եղել ինֆորմացիա տվող անձը։
Վերջում Քնար Մանուկյանն անդրադարձավ նաև «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա 2019-ի տարեվերջին կատարված հարձակման դեպքին՝ հիշեցնելով, որ իրենց համար մինչ օրս այդպես էլ անհայտ է՝ ով և ինչու էր նման քայլի դիմել։