03/03/2020 14:11
«Դուք հենց այն դատավորն ենք, որն իշխանությունների իղձերը անվերապահորեն պիտի իրականություն դարձնի». Ալումյանն ինքնաբացարկի միջնորդոթյուն ներկայացրեց Դանիբեկյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական այսօրվա նիստում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
«Անմիջապես այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, վարչապետն ու նրա թիմակիցները, անտեսելով իրական վարկածն ու անմեղության վարկածը, սկսել են տարածել ու մինչև այժմ տարածում են այնպիսի բովանդակությամբ տեղեկատվություն, որով պարոն Քոչարյանը ներկայացվում է իբրև հանցագործ», - ասաց Ալումյանը։
Նա նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանը 2018 թվականին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար ու գրել՝ «Օսմանյան օրդա, դու պիտի փտես բանտում, իսկ քո ընտանիքի ծփացող ու վայելքներով լի կյանքը ընդհատվի»։
«Վարչապետի մեկ այլ խորհրդական՝ Նիկոլայ Բաղդասարյանը՝ մասնագիտությամբ փաստաբան, 2018 թվականին տեղադրել է Քոչարյանի լուսանկարը ու գրել՝ «Ի՞նչն էր իրականում Մարտի 1-ի դեպքերի պատճառը՝ ագահությունը, որը դրդում էր ամեն գնով պահել ապօրինի թալանածը, որն էլ դարձավ 10 զոհի պատճառ», - ասաց նա։
Փաստաբանը հիշատակեց նաև վարչապետի մեկ այլ խորհրդականի՝ Արփի Դավոյանի գրառումը 2018 թվականին։ Ալումյանն ասաց, թե նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Armtimes.com կայքի հոդվածը, որը վերնագրված է եղել «Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»։
«Տիկին Դավոյանն այդ հոդվածը մեկնաբանել է՝ ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում, Մարտի 1, Քոչարյանի գողացած գարունը», - ասաց Քոչարյանի փաստաբանը։
Հայկ Ալումյանը հիշեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով հայտարարել էր. «Ինչի դատավոր կա՞, որ կարա իմ ասածին ասի չէ, էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ»։
Փաստաբանը հիշատակեց նաև վարչապետի այլ ասածներ, օրինակ՝ «Ով Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում, նա մեր դեմ է աշխատում»։
Հայկ Ալումյանը հիշեցրեց նաև ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումը, վարչապետի կոչը՝ արգելափակել դատարանների մուտքերը, Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ճնշումները։
Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ներկա քաղաքական իշխանությունը ուղղակիորեն շահագրգռված է, որ Քոչարյանը մնա կալանքի տակ ու չի թաքցնում այդ հանգամանքը։
Փաստաբանի խոսքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ասում է, որ այդ իշխանությունները կուզեին, որ ՀՀ բոլոր դատավորները լինեին Աննա Դանիբեկյանի նման։
«Ակնհայտ է, որ նման պարագաներում դուք իշխանությունների տեսանկյունից հենց այն դատավորն ենք, որն իշխանությունների իղձերը անվերապահորեն պիտի իրականություն դարձնի», - ասաց Հայկ Ալումյանը։
Երկրորդ նախագահի փաստաբանն ասաց, թե Աննա Դանիբեկյանը չի կարող շարունակել այս գործի քննությունը։
«Ես ձեզ բացարկ եմ հայտնում ու միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնել», - ասաց Հայկ Ալումյանը։