03/03/2020 12:12
Կոմանդոս. Ես պետությունից ոչինչ չեմ ուզել, չեմ էլ նեղանում (Տեսանյութ)
Չեմ ուզել, չեմ էլ նեղանում, հարցն այն է, որ մենք զոհվածների առաջ են պարտք։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում անդրադառնալով հարցին, թե որքանով է պետությունը պարտավոր հոգալ պատերազմի մասնակիցների, գեներալների սոցիալական կարիքներն, ասել է գեներալ-մայոր, Արցախի ազատամարտի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։
«Պետությունը կարող է ուզեցել է, ուզեցել են հող տան՝ տուն կառուցեմ, չեմ ուզել։ Գիտեք ինչ, կռված, զոհված տղերք կան, իրենց պետությունը պարտք է՝ անել ամեն ինչ։ Ինձ պետք էլ չի եղել, տուն էլ եմ կառուցել, մեքենա էլ եմ գնել։ Ես չեմ նեղանում։ Զոհվածներին առաջին հերթին պետք է օգնել։ Գեներալն՝ օրինակ ես, էլի աշխատավարձ եմ ստանում, թոշակ եմ ստանում, ծառայողական մեքենա ունեմ»,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը։
Հարցին, թե արդյոք ինքն իրեն պետության կողմից գնահատված զգում է, գեներալ-մայորն ասել է.
«Ես ուզում եմ հասկանալ, թե ով կարող է գնահատական տալ։ Գնահատականն իմ ազգն է տալիս, ժողովուրդն է տալիս, եթե պետությունն ինձ գնահատական տա, ինձ համար ամոթ է, ես կամաչեմ, ոչ մեկի գնահատականը չեմ ուզում»։
Խոսելով այն մասին, թե քաղաքական որ ճամբարում կլիներ այսօր, եթե զինվորական չլիներ՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ասել է, որ թեև քաղաքականության մեջ է ապրել, բայց սկսել է ատել քաղաքականությունն այն պահին, երբ Շահումյանում ու Մարտակերտում հայկական ուժերը ներքաղաքական հակասությունների պատճառով սկսեցին պարտություններ կրել։
«Չեմ ուզում քաղաքականության անունն իմանամ, ես հիմա զինվորականներ եմ պատրաստում, որ բանակ գնան։ Ոչ մի լավ ու վատ բան չեմ ուզում ասել, ուստի եթե հիմա նորից ընտրելու լինեի՝ ինչով զբաղվել, նորից կասեի, որ զինվորական եմ ուզում դառնալ»,- նշել է գեներալ-մայորը։
Մանրամասները՝ տեսանյութում