12/03/2020 13:12
«Առողջապահության նախարարությունը ջայլամի քաղաքականություն է վարում». ՄԻԱՎ վարակակիրների բողոքի ակցիան (Տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց այսօր դիմակներով բողոքի ակցիա իրականացրեցին ՄԻԱՎ վարակակիրները:
Նրանք բողոքում էին Առողջապահության նախարարության որոշման դեմ՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորել «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի հետ:
«Առողջապահության նախարարության քաղաքականությունը նման է ջայլամի քաղաքականության: Եթե մասնագետները դուրս են եկել փողոց, ասում են, որ խնդիր ունեն, նախարարության ներկայացուցիչները ճեպազրույց են տալիս, վարչապետին ինֆորմացիա են տալիս, որ տնօրենի խնդիր է: Այս կարգի սուտ ինֆորամացիա տալով ու չքննարելով՝ մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք», - ասաց «Դրական մարդիկ հայկական ցանց» ՀԿ ղեկավար Անահիտ Հարությունյանը:
Նա նշեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն այս տարիների ընթացքում մեծ ձեռքբերումներ է ունեցել և անհասկանալի է, թե ինչու են ղեկավար օղակների միացման ու ծախսարդյունավետության լավացման համար նախատեսել ուժեղ օղակը միացնել թույլին:
«Եթե ուզում եք թույլին ուժեղացնել, ինչո՞ւ թույլը չեք միացնում ուժեղին: Փոխանակ բժիշկների հետ նստեն խոսան, ուզում են ապացուցեն, որ իրանց ասածը ճիշտ է՝ այս մարդիկ անփոխարինելի չեն, առանձին մարդկանց զանգում, ավելի գումար են առաջարկում, որ հետ գան գործի», - ասաց նա՝ ընդգծելով, որ սխալ է նաև այն մոտեցումը, որ կենտրոն առողջապահության նախարարությունը պատրաստավում է ուսանողների բերել, մինչդեռ հին անձնակազմը հատուկ վերապատրաստություն է անցել և կարողանում է աշխատել այդ կենտրոնում առկա տեխնիկայով:
ՄԻԱՎ վարակակիր, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ ներկայացուցիչ Արման Ավչյանն էլ նկատեց, որ ինքը բուժում է ստացել կենտրոնում, ու դրա շնորհիվ հիմա իր առողջական վիճակը լավ է:
«Ունեմ չորս ամսական երեխա, կինս նույնպես լավ է», - ասաց նա: