18/03/2020 14:32
Բացառված է, որ նախագիծը հետ վերցնեմ․ կխնդրեի ցուցումներ չտայիք․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում են «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը։
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցով հիմնական զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այս իրավիճակում նախագիծը չի հետաձգվում․
«Հրատապություն չկա, բոլոր ոլորտերում կտրուկ նվազումներ են լինում, մարդիկ իրենց աշխատողներին չեն կարողանում աշխատանքի հրավիրել կամ հակառակը՝ իրենք են ուղարկում տուն, ո՞րն է հրատապությունը», - ասաց Սարգսյանն ու հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հեղինակը հաժարվում հետ կանչել նախագիծը ստեղծված տնտեսական անկայուն վիճակում։
Գալստյանը նշեց՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պետությունը չունի անհրաժեշտ գործիքակազմ իր առջև ծառացած ռիսկերը լուծելու համար։
Հայկ Սարգսյանն էլ նկատեց, եթե հետ չկանչվի նախագիծն, ինքն անձամբ դեմ է քվեարկելու։ Նա նաև ավելացրեց, որ ավելի լավ կլիներ վերջին երեք ամիսներն օգտագործել ոչ թե օրենքի նախագծի շուրջ քննարկումների համար, այլ ավելի արդյունավետ կլիներ, օրենսդրական դաշտը բարեփոխելու քննարկումներ անցկացնել։
«Բացառված է, որ նախագիծն առնվազն ես՝ որպես համահեղինակ, հետ վերցնեմ։ Ես կխնդրեի, որպեսզի ցուցումներ չտայիք, թե ինչ ճիշտ կլիներ, որ ես անեի նախորդ ամսիների ընթացքում», - արձագանքեց Գալստյանը։