04/04/2020 17:11
Դեսպանատունը պարզաբանել է, թե ում է առաջնահերթություն տրվել Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։
«Նշյալ քաղաքացիների հետ մեկտեղ՝ առաջնահերթություն է տրվում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է, նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։
Նման քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է նաև հայ համայնքային կառույցների կողմից։
Այս օրերին ստեղծված բարդագույն իրավիճակում` հաշվի առնելով նաև նստավայր երկրում սահմանված խստագույն սահմանափակումները, այդ թվում՝ միջազգային օդափոխադրումների ամբողջական դադարեցման պահանջը, դեսպանությունը շարունակում է օգտագործել հնարավորագույն միջոցները ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով համացանցի տիրույթում ոչ ստույգ և իրականությանը չհամապատասխանող տեղակատվության տարածման հանգամանքը, կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությանը։ Եվս մեկ անգամ նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ», - ասված է դեսպանության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Aysor.am-ին ահազանգել էր «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն, ասելով, որ Ռուսաստանում բնակվող և Հայաստան վերադառնալ ցանկացող հայերը հայտնվել են անելանելի վիճակում։ «Մի քանի օր է՝ նրանք լուսացնում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, մի մասն էլ՝ ավտոբուսներում։ Մարդիկ չեն կարող տալ իրենց բնակարանների վարձերը, քանի որ զրկվել են եկամուտից և ուզում են վերադառնալ հարենիք, բայց առայժմ չի ստացվում։ Այստեղ խայտառակ վիճակ է», - նշել էր նա։
Թեմային առնչվող նախորդող մանրամասներին ծանոթացեք այստեղ.
«Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ)
ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները՝ իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար. Նաղդալյան