07/04/2020 17:45
Ձկնորսությունը Սևանա լճում՝ խիստ հսկողության տակ. նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Դրանով առաջարկվում է արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացնել միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից:
Նոր նախագծի միջոցով նախարարությունը կսահմանի ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծի համաձայն՝
1. Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից։
2. Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը:
3. Որսն արգելվում է իրականացնել ձկների ձվադրման շրջանում (դեկտեմբերից-հունվար):
4. Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով
(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):
5. Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։
Նախարարությունից առանձնահատուկ ընդգծում են, որ նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցներին։
Ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության հետևանքով առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։
Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։
Նախագծին այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ e-draft.am առցանց հարթակում՝ հղումով: