.jpg)
Կառավարության աջակցության շեմերը հատուկ են սահմանվել՝ հնարավորինս քիչ քաղաքացիների օգնելու և հնարավորինս շատ PR-վելու համար. փորձագետ
Կառավարության սահմանած շեմը տրամաբանական չէ, որովհետև այն ընտանիքները, որոնք փետրվար ամսին գազով են տաքացրել բնակարանները, բնական է՝ 10 հազար դրամից ավելի գումար են ծախսել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանն՝ անդրադառնալով կառավարության՝ բնական գազի սպառման գծով 10 հազար և էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ 5 հազար դրամ աջակցության ծրագրին:
«Ենթադրենք՝ կառավարությունն ուզում է օգնել սոցիալապես անապահովներին, որոնք գազ չունեն կամ բնակարանները գազով չեն ջեռուցում, բայց այդ մարդիկ էլ «նստած» են էլեկտրաէներգիայի վրա: Հետևաբար 5 հազար դրամ էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցելը նույնպես աբսուրդ է: Սովորական բնակարանը թեթև տաքացնելու համար մինիմալ ծախսը 20 հազար դրամ է և ավելի: Չգիտեմ՝ այս օգնությունն ո՞ւմ է ուղղված. երևի այն մարդուն, ով ո՛չ էլեկտրաէներգիայով, ո՛չ էլ գազով տունը չի ջեռուցում», - ասաց մեր զրուցակիցը:
Արմեն Մանվելյանի խոսքով՝ ինքը փորձել է հասկանալ՝ իր շրջապատում քանի մարդ է օգտվել կառավարության առաջարկած փաթեթներից:
«Ես մարդկանց գիտեմ, որոնք իսկապես շատ վատ վիճակում են և այդ գումարների կարիքն ունեն: Բայց նրանցից ոչ մեկը ոչ մի օգնություն մինչ օրս չի ստացել: Այսինքն՝ այնպիսի սահմանափակումներ են դրված, որոնք լրջորեն խոչընդոտում են օգնություն ստանալուն: Օրինակ՝ սահմանափակում է դրված, որ օգնություն կարող են ստանալ աշխատանքը կորցրած քաղաքացիները: Բայց քաղաքացիների ճնշող մեծամասնությունն աշխատանքը չի կորցրել, նրանց պարզապես ուղարկել են իրենց հաշվին արձակուրդի կամ ուղղակի պարապուրդի մեջ են: Սկզբունքորեն, այդ մարդկանց աշխատանքից չեն հեռացրել: Հիմա ստացվում է, որ այդ մարդիկ պետք է գնան, աշխատանքից դուրս գալու դիմում գրեն, որ օգնությո՞ւն ստանան: Սահմանափակումներն ուղղակի աբսուրդային են և անիմաստ», - ասաց էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետը:
Արմեն Մանվելյանը միաժամանակ շեշտեց՝ կառավարությունը հատուկ է սահմանել 5 և 10 հազար դրամների շեմերը, որպեսզի «հնարավորինս քիչ քաղաքացիների աջակցություն ցուցաբերի՝ միաժամանակ հնարավորինս շատ PR-վելով նշված ծրագրերի շուրջ»:
«Այս իմաստով ամեն ինչ շատ լավ կանխամտածված է: Պարզ է, որ փետրվարին 10 հազար դրամի գազ և 5 հազար դրամի հոսանք շատ քիչ քաղաքացիներ կարող են օգտագործած լինել», - ամփոփեց նա: