28/04/2020 20:04
Մոտս տպավորություն ա՝ ոնց որ «ազվերին» են ցփնել ստեղ, սաղ գժված բաներ են խոսում․ Արման Աբովյան (Տեսանյութ)
Թեև կառավարությունը ջանք չի խնայում պաշտպանելու գրանցված և չգրանցված աշխատողներին, բայց որոշ գործարարներ իրենց ոտքերն են սրբում աշխատանքային իրավունքերի վրա, ԱԺ-ում ասաց փոխխոսնակ Լենա Նազարյանը։
Նա նշեց՝ որոշ սրճարանատերեր ստիպել են սոցիալական աջակցության շահառու դարձած աշխատակիցներին փողն իրենց հետ կիսել։
«Այսօր խոսվեց, որ «Արարատ ցեմետը» հրաժարվել է ութ աշխատողների աշխատանքային պայմանագիր երկարացնել՝ իմանալով, որ այս պայմաններում մարդիկ չեն կարող բողոքել։ Սեփական բիզնեսի շահերը պաշտպանող խմբակցությունն ասաց, որ քաղաքական ենթատեքստ չկա, իրավական հարցեր են, բայց պարոն Աբովյան, երբ մոտենում եք այստեղ, մարդկանց սովելուց եք խոսում, գուցե ջանք գործադրե՞ք, որ մարդիկ առանց գործի չմնան», - ասաց նա։
Նազարյանին նախ արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ ասելով.
«Ի՞նչ ա նշանակում սեփական բիզնես շահերը պաշտպանող խմբակցություն։ Չեմ համարում, որ դա կոռեկտ էր և տեղին, այդպիսի խմբակցություն չկա։ Եթե աշխատանքային պայմանագրի հետ կապված հարցեր են քննարկում ու դրա հետ կապված իրավական գնահատականներ են տրվում, նշանակո՞ւմ է բիզնես շահեր ենք պաշտպանում»։
ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ կոչ արեց ենթադրությունների վրա չհիմնվել՝ նշելով․
«Մոտս տպավորություն ա՝ ոնց որ «ազվերին» են ցփնել ստեղ, սաղ գժված բաներ են խոսում։ Տիկին Նազարյան ջան, ես այն խմբակցությունից եմ, որը շատ հարգում է կին-տղամարդկանց տարբերությունը, դրա համար ինձ կպահեմ շատ կոռեկտ։ Երբ խոսում եք «Արարատ ցեմենտի» մասին, իմ մոտ տպավորություն է, որ ուզում եք ներքաշել քաղաքական խաղերի մեջ։ Ունե՞ք ապացույց։ Ասում եք՝ սեփական շահերը պաշտպանող խմբակցություն, իրավական երկիր է չէ՞ Հայաստանը, դիմեք դատարան։ Դե գոնե մեկ ապացույց բերեք, չեք կարա»։