05/05/2020 20:22
«Վայելի՛ր երաժշտություն և աջակցի՛ր երեխաներին». սիրված երաժիշտների առցանց համերգ՝ մարզերի երեխաներին օգնելու համար
Մայիսի 6-ից երեք օր շարունակ տեղի կունենա բարեգործական առցանց համերգ՝ «Վայելի՜ր երաժշտություն & Աջակցի՛ր երեխաներին» խորագրով։ Միջոցառման նպատակն է աջակցել մարզերի երեխաներին տեխնիկական սարքավորումներով (համակարգիչ, հեռախոս, պլանշետ) և այդպիսով զարգացնել առցանց ուսուցումը մարզերում, ինչպես նաև խրախուսել մարզերի երեխաներին՝ բացահայտելու և կիրառելու առցանց հարթակի կրթական բազմատեսակ հնարավորությունները։
Միջոցառումը կազմակերպել են «Eworld Kids Foundation»-ի (Իվորլդ Մանկական Հիմնադրամ) և «Մարզերի երեխաները մարզերում» ծրագրի մարզաբնակ ակտիվ երեխաները։
Ծրագիրը բացառիկ է տեսակով, քանի որ նախաձեռնողը մարզերի երեխաներն են։ Նրանք պարբերաբար դիմում էին «Իվորլդ մանկական հիմնադրամին», որպեսզի տեխնիկական սարքավորումների աջակցություն ստանան իրենց հարևան գյուղերի ընկերների համար։
Արդյունքում կազմակերպվեց այս հիանալի միջոցառումը, որը հասանելի է լինելու բոլորին։ Միջոցառման արդյունքում հավաքված տեխնիկան իրենց գյուղի ընկերներին կբաժանեն այն երեխաները, որոնց նախաձեռնությամբ իրականացվում է միջոցառումը։
Համերգային ծրագրին միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, սիրված երաժիշտներ, որոնց կատարումները կարելի է վայելել հիմնադրմի էջում՝ մայիսի 6-ին, ժամը 20:30-ից սկսած:
Ծրագրին են միացել Ռոբերտ Ամիրխանյանը, Միքայել Ոսկանյանը, Հայկ Կարոյը, Լիլիթ Բլեյանը, Գարիկ Հայրապետյանը, «InRock Quintet»-ը, Քրիստինա Սահակյանը, Վահագ Ռաշը, «Նուրի» բենդը, Արամ MP3-ը, «Project LA», «The Beautified Project», «Լավ էլի», «YellowStones», «The Bambir», «FIX Freedom is Expensive», «Ոստան հայոց» խմբերը:
Աջակցել ցանկացողները կարող են հետևել համերգին և տեղեկանալ աջակցման տարբերակների մասին: