01/06/2020 15:30
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա Նազելին հիվանդանոցից դուրս է գրվում
Երեխաների պաշտպանության օրը 13-ամյա Նազելին, որն անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։
«Երեխաների պաշտպանության օրը լավ լուր ստացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին։
Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք է սպասում՝ հոգատար ու սիրող մարդկանցով շրջապատված։
Ի դեմս նրա, մաղթում եմ մեր բոլոր մանուկներին անհոգ ու ապահով մանկություն, որակյալ կրթություն ու պայծառ հեռանկարներ։
Իսկ մենք՝ մեծահասակներս կձգտենք ապահովել մեր երեխաների լավագույն ապագան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։