01/06/2020 13:09
Դուք եք Գլխավոր դատախազը, բարի եղեք պարզաբանումներ արեք․ Ուրիխանյանը՝ Դավթյանին (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե որտեղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները։
Ի պատասխան դատախազն արձագանքեց․
«Դուք համադրել եք վարչապետի հայտարարության մեջ նշված համապատասխան թիվը և վերցել եք հինադրամի կայքից համապատասխան տվյալներ, դրանց մեջ տեսել եք հակասություն և այս հակասությունը ներկայացնում եք ու պահանջ եք ներկայացնում դրանով իրականացնելու քրեական վարույթ, բայց դա քրեական վարույթն իրականացնելու անհրաժեշտություն չուներ, առնվազն մեկ պատճառով՝ հիմնադրամի մուտքերը այդքան պարզ մեխանիկական հաշվարկով չեն»։
Դավթյանն ընդգծեց, որ իր համար անհասկանալի է պատգամավոր ձևակերպումը «գաղտնի ծախսերի» մասին։
«Առկա են գաղտնի և հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն կարող արտացոլվել հաշվետվություններում։ Գաղտնի տվյալները բացառապես մուտքերին են վերաբերում, իսկ որ մուտքերում գաղտնի տվյալներ կային, կարծում եմ, որ Դուք շատ լավ պիտի իմանայիք», - ասաց Դավթյանը։
Նա ընդգծեց, որ Ուրիխանյանը հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել, իսկ խորհուրդը լայն լիազորություններ ուներ, ինչը վկայում է, որ պատգամավորն ուներ բոլոր հնարավորությունները այդ պարզաբանումները ստանալու։
Ուրիխանյանն էլ հակադարձեց․
«Հիմա ինձ պետք չի հա նկարագրել լիազորություններ ունեին չունեին։ Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք պարզաբանումներ արեք, ձեր ձեռքն է իշխանությունը, ապարատը, ամեն ինչը։ Էլի եմ ասում՝ այս հիմնադրամը գաղտնիություն չպիտի ունենա»։