09/06/2020 13:48
Մեզ հաջողվել է պաշտպանության ամբողջ համակարգը, առավել ևս՝ բանակը զերծ պահել ներքաղաքական և ընտրական գործընթացների վրա ազդեցությունից. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իր տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ զինված ուժերի՝ քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու սահմանադրական պահանջը «միս ու արյուն» է ստացել:
«Մեզ հաջողվել է պաշտպանության ամբողջ համակարգը, առավել ևս՝ բանակը զերծ պահել ներքաղաքական և ընտրական գործընթացների վրա ազդեցությունից՝ այդպիսով ամրապնդելով պաշտպանական կառույցի ապաքաղաքական, վերկուսակցական և համազգային կարգավիճակը: Սա բանակի, իշխանությունների, քաղաքական ուժերի ու ամբողջ հասարակության համատեղ ձեռքբերումն է, և մենք պետք է շարունակենք արմատավորել այդ մոտեցումը, մինչև այն չդառնա «տաբու» ոչ միայն այսօրվա, այլև ապագայի բոլոր իշխանությունների և քաղաքական ուժերի համար, քանի որ սա է ժողովրդավարական ռազմաքաղաքացիական հարաբերություններ ունենալու և ապաքաղաքական մասնագիտական փորձառությամբ, սոցիալական պատասխանատվությամբ և կորպորատիվ հավատարմությամբ ամրապնդված իրական պրոֆեսիոնալ զինվորականություն ունենալու միակ ճանապարհը», - նշել է Տոնոյանը։
Տոնոյանը ներկայացրել է, թե առանձնահատուկ ուզում է ընդգծել Հայաստանում լիարժեք ժողովրդավարական ռազմաքաղաքացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։
«Շատերը ռազմաքաղաքացիական հարաբերություններ ասելով հասկանում են միայն զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս զարգացած պետությունների փորձը, ամուր ռազմաքաղաքացիական հարաբերությունները երաշխավորում են նաև զինված ուժերի արհեստավարժության և արդյունավետության աճը։ Պաշտպանության ոլորտում ռազմական և քաղաքացիական խորագիտակության միատեղումը և ճիշտ հավասարակշռումն ապահովում են արդիական նոր գաղափարների, լուծումների և մեխանիզմների ներդրումը ռազմական ոլորտում, և դրանք հիմնականում պահանջում են քաղաքացիական մարդուն հարիր քննական մտածելակերպ, կրթություն և բազմագիտակություն։ Նոր գաղափարները տեղայնացնում և հղկում են համակարգային մտածողությամբ և դոկտրինալ կարգապահությամբ օժտված մարդիկ, և նման մարդիկ շատ են զինվորականության շարքերում։ Այսինքն՝ բանակին վերաբերող բոլոր հարցերում մեր նպատակն է ապահովել զինվորականների և քաղաքացիական մասնագետների լիարժեք համագործակցությունը», - նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Ըստ Տոնոյանի՝ պետք չէ նաև մոռանալ, որ «քանի դեռ պարտադիր ժամկետային ծառայությունը օրենսդրական պահանջ է, զինված ուժերում իր երկրորդ կյանքի մկրտությունն է ստանում Հայաստանի երիտասարդությունը՝ առնվազն երկու տարի ապրելով ու գործելով դժվարին և պահանջկոտ միջավայրում, սեփական աչքերով դեմ հանդիման տեսնելով թշնամուն, հասկանալով՝ ինչ կլիներ, եթե իրենք կանգնած չլինեին սահմանին»։
«Բոլորս պետք է օգնենք մեր երիտասարդներին պահպանելու այն համոզմունքը, որ այդ երկու տարին իրենց համար կորած ժամանակահատված չէ, այլ նախապատրաստություն` հաղթահարելու հետագա կյանքի խոչընդոտները, որի համար մոտ ապագայում մենք զինծառայողների առօրյան հագեցնելու ենք կրթական և մարզական նոր միջոցառումներով՝ խրախուսելով ինչպես անհատական ինքնապատրաստությունը, այնպես էլ խմբային փոխօգնությունը՝ ժամանակ չթողնելով անիմաստ միջանձնային կոնֆլիկտների ու այլ դատարկաբանությունների համար», - ներկայացրել է Տոնոյանը։