18/06/2020 10:05
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանություն է տվել Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստի վերաբերյալ։
«Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա»,-նշել է ԱԳՆ խոսնակը։
Ըստ Աննա Նաղդալյանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ։
«Դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար»,-ասել է նա։
ԱԳՆ խոսնակն ընդգծել է՝ ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։
«Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը»,-մեկնաբանել է Աննա Նաղդալյանը։