19/06/2020 16:08
Ընդունվել է «Եվրանեսթ» ԽՎ Բյուրոյի հայտարարությունը. ընդգծվել է ինքնորոշման իրավունքը
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն պաշտոնական հայտարարություն է տարածել հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բուրոյի հայտարարությունը կարևոր և հիմնարար փաստաթուղթ է, այն սահմանում է ԵՄ և ԱլԳ երկրների միջև համագործակցության ռազմավարական ուղղություններն ու տեսլականը` առաջին իսկ դրույթում վերահաստատելով Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին` ի թիվս այլոց ընդգծելով ինքնորոշման իրավունքը:
«Այս հայտարարությունը Եվրախորհրդարանի և ԱլԳ հինգ երկրների` Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարների կողմից ընդունված և համաձայնեցված ռազմավարական փաստաթուղթ է, որն արդյունք է երկարատև և բարդ բանակցությունների», - ասել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, բյուրոյի անդամ Գայանե Աբրահամյանը:
Պետք է շեշտել, որ հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և պահպանման գործում Հայաստանի դերի ամրապնդման համար: