26/06/2020 11:17
ՍԴ-ի շուրջ կատարվածը կարելի է բնութագրել ռուսերեն հայտնի արտահայտյամբ՝ против лома нет приема. Իրավապաշտպան
Այն, ինչ կատարվեց ՍԴ-ի շուրջ, կարելի է բնութագրել ռուսերեն հայտնի արտահայտյամբ՝ против лома нет приема, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իրավապաշտան Ավետիք Իշխանյանը:
«Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին, և ցավոք, այդ բիրտ ուժի դեմ դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ՝ իրավաբանները, որոշ դատավորներ, ՍԴ անդամներ և փաստաբաններ: Փոխանակ այդ ամենի թիկունքում կանգնեին այն քաղաքական ուժերը, որոնք հռչակել են ժողովրդավարություն, լիբերալիզմ, պարզվեց նրանք իրավաբաններին ու փաստաբաններին թողեցին անպաշտպան: Իրավաբանները պայքարեցին այնքան, որքան կարող էին պայքարել առանց լուրջ աջակցության, և ունենք այս պատկերը», - նշեց իրավապաշտպանը:
Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ Հայաստանը գնում է դեպի պետական կառույցների կործանման, ինչն իր հերթին բերելու է պետության կործանման:
Ամփոփելով խոսքը՝ իրավապաշտպանը նշեց, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, թեպետ իրավաբանական կրթություն ունի, սակայն այս պահին ոչ թե իրավաբան է, այլ քաղաքական գործիչ, որը հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետական հակումներ ունեցող ղեկավարին: