01/07/2020 09:53
«Ժողովուրդ». Հանձնաժողովը կա, ուսումնասիրության առարկան ևս, բայց ուսումնասիրող չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ՝ մարզում մահվան դեպքերի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Մարզպետի որոշմամբ՝ փոփոխվել է հանձնաժողովի կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզի առողջապահական ընկերություններում արձանագրված հիվանդանոցային մահերի կլինիկական և ախտաբանաանատոմիական ախտորոշումների տարամիտման դեպքում հանձնաժողովը պետք է կազմակերպի քննարկումներ և ներկայացնի հաշվետվություն:
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց.
«Դա ստեղծված է եղել, ուղղակի իմ որոշումով կազմն է փոփոխվել, քանի որ նոր աշխատողներ են: Դա պարտադիր հանձնաժողով է և բոլոր մարզերում կա, գործում է»: Մարզպետի խոսքով՝ մահվան դեպքերի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կապ չունի կորոնավիրուսի հետ:
Հարցին՝ հանձնաժողովի կողմից հսկողությունն ինչ տեսքով է, մարզպետն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող դրա մասին մանրամասն ասել:
Այնուամենայնիվ, դարձյալ մարզպետից հետաքրքրվեցինք՝ արդյոք հանձնաժողովը ստեղծված է մահվան կասկածելի դեպքերն ուսումնասիրելու համար: Մեր հարցին ի պատասխան՝ Ղուկասյանն անկեղծացավ.
«Դեպք չի եղել, որ ուսումնասիրենք, դրա համար չեմ կարող մանրամասն ասել, թե որ դեպքերում է պետք ուսումնասիրություն անցկացնել»:
Պարզվում է՝ հանձնաժողովը կա, ուսումնասիրության առարկան ևս, բայց ուսումնասիրող չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: