31/07/2020 19:23
«Ես հնարավորինս պայքարեցի, սակայն՝ ապարդյուն». Կասեցվել է Աչաջրի ծննդատան գործունեությունը
Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ծննդատունը փակվել է, այս մասին տեղեկանում ենք մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանի ֆեյսբուքյան գրառումից:
«Սիրելի տավուշցիներ, ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր՝ 31.07.2020 թվականին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը(Աչաջրի ծննդատունը)։
Ելնելով տրված հրամանից, որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։ Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում:
Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի,սակայն ապարդյուն», - գրել է նա՝ կից հրապարակելով որոշման փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ հանրապետության մի շարք բնակավայրերի ծննդատներ կլուծարվեն, քանի որ ապահովում են տարեկան սահմանվածից քիչ ծնունդ, չունեն տեխնիկական հագեցվածություն ու սանիտարահիգիենիկ պայմաններ, դրանց գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չէ: