18/08/2020 10:38
Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ՝ հանուն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման. Արթուր Վանեցյան
Օգոստոսի 17-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջև։ Հանդիպմանը ներկա էին նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի ԱԺ գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտելով խորհրդարանում ներկայացված կուսակցությունների միջև վստահության ու համագործակցային մթնոլորտի, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը։
Արթուր Վանեցյանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական համակարգերում կուսակցությունների դերակատարությունը և միջկուսակցական շփումները ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շրջանակում։
«Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ՝ հանուն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման»,-շեշտել է Արթուր Վանեցյանը։
Կողմերն անդրադարձ կատարեցին նաև Արցախի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու համավարակի դեմ պայքարին առնչվող հարցերի։