07/09/2020 11:20
«Պարգևավճար լափող կառույցը մահացած է, ենթակա է թաղման». Ծաղիկներով ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց (Տեսանյութ)
«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն օգոստոսի 14-ին հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, թե քաղաքապետ Հայկ Մարությանը որքանո՞վ է իրականություն դարձրել իր նախընտրական խոստումները։ Այսօր ՀԿ ղեկավար Բաբկեն Հարությունյանը միայնակ ակցիա է իրականացնում քաղաքապետարանի դիմաց։
«Պարգևավճար լափող կառույցի սանձարձակությունը հասել է այնտեղ, որ հարցումն ուղարկելուց երկու շաբաթ հետո պատասխանում են, թե այ հիմա խնդիրը կուսումնասիրենք և կկապվենք ձեզ հետ։ Մեկ շաբաթ է անցել և որևէ պատասխան մինչ օրս չկա։ Սա խոսում է ապիկար քաղաքապետի բարձիթողի քաղաքապետարանի գործունեության մասին», - հայտարարեց Բաբկեն Հարությունյանը։
Նա նշեց, թե քաղաքապետը չի կարողացել իր խոստումներն իրականություն դարձնել և հիմա փորձում է հարցերին չպատասխանել։
Բաբկեն Հարությունյանը ծաղիկներով էր եկել քաղաքապետարան։
«Սրանք նրա համար են, որ այս կառույցը որպես պետական կառույց մահացած է, ենթակա է թաղման», - ասաց Բաբկեն Հարությունյանը։
Նա թղթի վրա գրավոր հարցերը ծաղիկների հետ շաղ տվեց քաղաքապետարանի դիմաց։
«Եթե օրենքով սահմանված կարգով չեն պատասխանում, ուրեմն իրենց հետ պետք է խոսել այս լեզվով», - ասաց նա: